Հայաստանում մեկնարկում է «Ստեղծարար միտք» (Creative Spark) ձեռներեցության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը ստեղծարար ոլորտում, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ-ն ծրագրում ընդգրկված 7 երկրից մեկն է:
Ծրագրի մեկնարկը տրվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Եռակողմ հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պետական ու մասնավոր բուհերի ռեկտորներ:
Կարևորելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հատկապես արվեստի և կրթության ոլորտներում ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է:
«Այս նախաձեռնությունը կարևոր է այն առումով, որ մենք, արվեստի ոլորտում ունենալով մեծ հաջողություններ, չունենք դրա առևտրայնացմամբ և վաճառքով զբաղվող մասնագետներ: Այս իմաստով համապատասխան գիտելիքն ու հմտությունը ոլորտի զարգացման համար շատ կարևոր են»,- նշել է ԿԳ նախարարը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ նախարարությունը աջակցում է ստեղծարար ձեռնարկատիրության զարգացմանը միտված ցանկացած մտքի:
«Ամեն ջանք կներդնենք, որպեսզի այն հաջողի: Ողջունելի է «Ստեղծարար միտք» ծրագրում ներառված արվեստի և մշակույթի ուղղությունների բազմազանությունը»:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը շեշտել է, որ կրթության և մշակույթի ոլորտների աջակցությունն իրենց առաջնահերթություններից է, և այս իմաստով ծրագիրը բացառիկ է, քանի որ միահյուսում է երկու ոլորտները և նպաստում ընդհանուր խնդիրների լուծմանը:
«Ստեղծարար միտք» (Creative Spark) հնգամյա ծրագիրը հենվում է Մեծ Բրիտանիայի առաջատար փորձի վրա և կարող է նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատությունների գործակցությանը:
Ծրագրի երեք հիմնական բաղադրիչներից առաջինով նախատեսվում է ծրագրում ներգրավված յոթ երկրում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն Միացյալ Թագավարության համալսարանների հետ: Երկրորդը ուսանողների և ստեղծարար ձեռներեցների համար համապատասխան հմտությունների ուսուցանումն է՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում: Երրորդն առցանց դասընթացների միջոցով ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանումն է:
Միացյալ Թագավարության ձեռնարկատիրական կրթության փորձի հիման վրա մշակվելու է ուսումնական ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ տարածաշրջանի ավելի քան 10,000 ուսանող:
Հայաստանի բուհերը, ի թիվս անդամ երկրների այլ բուհերի, համագործակցելով Միացյալ թագավորության գործընկեր բուհերի հետ, կարող են դիմել ծրագրի շրջանակներում ստեղծված ֆոնդին` ակնկալելով տարեկան մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ ֆինանսավորում:
«Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրով ստեղծարար ոլորտ կարող են դիտարկվել գովազդը, ճարտարապետությունը, դիզայնը, ֆիլմարտադրությունը, երաժշտությունը, նորաձևությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, հեռուստատեսությունը և ռադիոն, արհեստագործությունը, ծրագրավորումը և այլն: