5 սեպտեմբերի 2018 - 12:22 AMT
BBC. 2 հայ երեխա Նիդերլանդներից ՀՀ է արտաքսվում

BBC-ն անդրադարձել է Նիդերլանդների կառավարության որոշմամբ Հայաստան արատքսվող երկու հայ երեխայի՝ 13-ամյա Հովիկի և նրա քրոջ՝ 12-ամյա Լիլիի պատմությանը:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունից երեխաները Նիդերլանդներ են տեղափոխվել 2008 թվականին մոր՝ 37-ամյա Արմինե Համբարձումյանի հետ: Իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են այնտեղ, երբեք չեն ապրել Հայաստանում և նույնիսկ հայերենին չեն տիրապետում:

Արմինեն երկրից արտաքսվել է 2017 թվականին, իսկ երեխաների ընկերները համախմբվել են նրանց շուրջ՝ խնդրելով մնալ երկրում: Հովիկն ու Լիլին տեղափոխվել են մի բնակարան, որի հասցեն հայտնի է եղել միայն Արմինեին և ընտանիքին, որի հետ պետք է ապրեին երեխաները։ Այդ ընտանիքն աջակցել է Արմինեին՝ գաղտնի պահելով տան տեղն իշխանություններից։

Երեխաներին հայտնաբերելուց հետո հոլանդական կառավարությունը որոշել է արտաքսել երեխաներին Հայաստան: Դատավորները եզրահանգել են, որ երեխաների մայրը հոգեպես և ֆիզիկապես ի վիճակի չէ հոգալ նրանց մասին, և Հովիկն ու Լիլին արտաքսման դեպքում պետք է մանկատուն տեղափոխվեն:

Խնդրին ծանոթ է նաև երկրի վարչապետ Մարկ Ռութը: Նա ասել է, որ հասկանում է երեխաներին արտաքսելու որոշման էմոցիոնալ կողմը, սակայն, եթե դեպքը չի համապատասախանում օրենքով սահմանված չափանիշներին, ապա երեխաները չեն կարող մնալ Նիդերլանդներում:

Աղբյուրը գրում է, որ ըստ հոլանդական կառավարության՝ իրենց քաղաքականությունը ապաստան տրամադրելու գործընթացում արդար է: