5 սեպտեմբերի 2018 - 15:45 AMT
ՀՀ-Իրան երկաթգիծը չկառուցած «Ռասիա ՖԶԷ»-ն դատի է տվել ՀՀ-ին՝ պահանջելով $160 մլն

Հայ-իրանական երկաթգծի կառուցման պարտավորությունը ստանձնած ԱՄԷ-ում գրանցված«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պահանջելով $160 մլն-ի փոխհատուցում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նախարարը նշել է՝ ընկերությունը անցած 5 տարում երկաթգծի անգամ մեկ մետր չի կառուցել։

«Ընկերությունը ընդամենը կատարել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որը ներկայացրել է նախարարությանը, և դրա վերաբերյալ նախկինում նախարարության կողմից կատարվել են բազմաթիվ դիտողություններ: Դրանից հետո բազմիցս ընկերությունը հրավիրվել է արդեն կոնցեսիոն իր պարտավորությունները կատարելու հարցերը քննարկելու համար, սակայն նախարարության բոլոր հրավերները մնացել են անհետևանք», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության փաստարկները հիմնավոր են, և «մտահոգվելու կարիք չկա»:

Նախարարը նշել է, որկառավարության կողմից ներգրավվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություն՝ ՀՀ շահերը պաշտպանելու համար:

Հայ-իրանական երկաթգծի կառուցման մասին առաջին անգամ 2008 թվականին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիր է ստորագրվել։