ՌԴ-ն կասեցրել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզումն իր տարածքում։
Այս մասին է գրում «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Որոշումն ընդունվել է Մարտի 1-ի գործի նյութերը հետազոտելուց հետո։
ՌԴ տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում։ Սակայն ԱՊՀ երկրներ գնալիս նրան կարող են ձերբակալել ու հանձնել ՀՀ-ին։
ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չէր դիմել ՌԴ իրավապահներին Հարությունյանի հարցով։ «Ինտերֆաքսի» աղբյուրը նշել է, որ հայցը ոչ թե ՀՀ-ից էր եկել, այլ միջազգային հետախուզման գծով, հայցի մեջ նշված էր անգամ Հարությունյանի մոսկովյան հասցեն։
Ավելի վաղ «Ինտերֆաքսը» գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձման չի ենթարկվի։
Մարտի 1-ի գործով ներգրավված է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, իր հերթին, մեղադրվում է 2008-ի ընտրությունների հարցում Սահմանադրական դատարանի վրա ճնշման համար։