ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Գրիգորյանը: Նա մրցանակին է արժանացել Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում դերակատարման համար, հայտնում է Ինտերֆաքսը:
«Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնն անցկացվել է Անապայում սեպտեմբերի 2-9-ը։ Փառատոնի ծրագրերում ներկայացված էր 67 ֆիլմ:
«Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմը նկարահանել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը: Այն դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալն ամենուր հետապնդում է նրան:
Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն Ադրբեջանի պահանջով արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:
Փառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Վլադիմիր Տոլոկոննիկովը (հետմահու)։ Գլխավոր մրցանակը ստացել է Տաալայբեկ Կուլմենդեևի (Ղրղզստան) «Մունաբիյա» ֆիլմը, որը մրցանակ է ստացել նաև լավագույն սցենարի համար։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալեքսեյ Շեմեսը «Պապ» ֆիլմի համար։