Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Նա պահանջում է անվավեր ճանաչել իր կողմից 2018-ի վերաբերյալ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն ընդունելու ու հրապարակելու գործողությունները և ոչնչացնել 2017-ի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Փաստաբան Արմեն Հարությունյանը հայտնել է, որ իրենց մատնանշած հայտարարագրերը հենց այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ղազարյանի ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:
Հարությունյանը պնդում է, որ ապրիլի 9-ից հետո Վաչագան Ղազարյանը դադարել է լինել պաշտոնատար անձ, հետևաբար և հարուցված քրեական գործի սուբյեկտ։ Հարությունյանը շեշտել է՝ Ղազարյանին մեղադրանք են առաջադրել այն արարքի համար, որն ապրիլին 9-ից ապաքրեականացվել է։
Ըստ փաստաբանի, հանրային ծառայության մասին փոփոխված օրենքով նախատեսված է բացառություն՝ պաշտոնը թողնելու դեպքում Ղազարյանը պարտավոր չէր հայտարարագրեր ներկայացնել։
Քրեական գործով մեղադրվում են Վաչագան Ղազարյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ սկզբում կալանավորված Վաչագան Ղազարյանը կալանքից ազատ է արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար․ իր ու իր տիկնոջ հայտարարագրերում մոտ $160 հազար գումար է նշված, այնինչ իրավապահների կողմից գտնված գույքի ու գումարի հանրագումարը գերազանցում է $9,2 մլն-ը:
Ղազարյանը մինչև մայիսի 17-ը զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։