13 սեպտեմբերի 2018 - 12:37 AMT
Մարուքյանը՝ ձայնագրության հարցով քննիչ հանձնաժողովի մասին. Նախաքննության ժամանակ այն չի կարող ստեղծվել

ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի դիմումով խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նիստ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձանագրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքով արգելվում է քննիչ հանձնաժողով ստեղծել գործի նախաքննության ընթացքում:

Դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանին՝ Մարուքյանն ասել է՝ զարմացած է, որ այդ սահմանափակումը վրիպել է արտահերթ նիստի համար ստորագրահավաքին միացած պատգամավորների աչքից: Նա նշել է, որ կա երկու քրեական գործ՝ ապօրինաբար անձին գաղտնալսելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ, և երկու գործով էլ նախաքննություն է ընթանում:

«ԱԺ-ն չի կարող ստեղծել քննիչ հանձնաժողով, բայց նիստ է գումարում», - ասել է նա:

Ի պատասխան՝ Կոստանյանն ասել է, որ խոսքը կոնկրետ գործի մասին չէ, այլ «ավելի ընդհանրական հարցեր քննարկելու»:

«Մենք եկել ենք եզրահանգման՝ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա առնվազն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, թե արդյոք իր հեռախոսազանգերի գաղտնիությունը պատշաճ կերպով իրականացվում է», - ասել է Կոստանյանը:

Մարուքյանը հակադարձել է, որ ԱԺ արտահերթ նիստը հրավիրելու նախագծում կոնկրետ նշվում է այն դեպքը (ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ հեռախոսազրույցի դեպքով), որի վերաբերյալ կա քրեական գործ, ինչն արգելված է օրենքով: