13 սեպտեմբերի 2018 - 17:49 AMT
Նախկին զինծառայող. 2008-ի փետրվարի 29-ին Գորիսի զինվորներին ասացին՝ Արցախում դիվերսիա է, բայց Երևան բերեցին

Սերգեյ Դարբինյանը, ով 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ Գորիսի զորամասի նորակոչիկ էր, պատմել է, որ այդ տարվա փետրվարի 29-ին զորամասում տագնապ են հայտարարել և ասել, որ Մարտակերտում դիվերսիա է եղել, պետք է գնալ այնտեղ, սակայն Ղարաբաղի փոխարեն, զինվորներին Երևան են բերել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հետո ասացին՝ Երևան եք գնում: Միտինգների ժամանակ ինչ-որ հատուկջոկատային է մահացել, գնալուն ենք, որ պետական օբյեկտները պահպանենք», - ասել է նա՝ հավելելով, որ իր հետ Գորիսից Երևան է տեղափոխվել ևս 200-250 զինծառայող:

Նախկին զինվորի խոսքով՝ մարտի 1-ի լուսաբացից մինչև մարտի 8-ը իրենք հսկել են Օպերայի շենքի տարածքը։

Ավելի վաղ, Ս Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ին իրադարձությունների ընթացքում զինվորները տևական ժամանակ սահմանում մարտական հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը բերվել էր Երևան:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանն էլ հայտարարել էր, որ բանակի ներգրավվածությունը Մարտի1-ի իրադարձություններին փաստ է: Միևնույն ժամանակ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ զինվորներին այդ իրադարձությունների ընթացքում կրակելու հրաման չի տրվել: