17 սեպտեմբերի 2018 - 14:58 AMT
ՄԱԿ զեկույց. ՀՀ-ն զարգացման բարձր մակարդակով երկրների ցանկում է

Հայաստանը զարգացման բարձր մակարդակով երկրների ցանկում է: Այդ մասին ասվում է մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ ՄԱԿ Զարգացման ծրագրի զեկույցում:

Հայաստանը 0.755 ցուցանիշով զբաղեցնում է 83-րդ տեղը՝ կիսելով այն Թաիլանդի հետ:

Հիմնական ցուցանիշները, որոնցով որոշվել է երկրի վարկանիշը, դա կյանքի ակնկալվող տևողությունն է, ուսուցման տևողությունը և ՀՆԱ ցուցանիշը մեկ շնչի հաշվարկով: Հաշվի են առնվել նաև սոցիալական պաշտպանվածության մակարդակը, առողջության և մշակութային զարգացման, գենդերային հավասարության, հանցավորության, շրջակա միջավայրի պաշտպանության, որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցության ցուցանիշները:

Նշվում է, որ Հայաստանում կյանքի ակնկալվող տևողությունը 74,8 տարի է, ուսուցման ակնկալվող տևողությունը՝ 13 տարի, իսկ միջին տևողությունը՝ 11,7 տարի, ՀՆԱ-ն 1 շնչի հաշվարկով կազմում է՝ 9,1444 դոլար:

Զարգացման բարձր մակարդակով երկրների թվում են նաև հետխորհրդային որոշ այլ երկրներ՝ Վրաստանը (70-րդ տեղ), Ադրբեջանը (80-րդ տեղ), Ուկրաինան (88-րդ տեղ), Ուզբեկստանը (105-րդ տեղ), Թուրքմենստանը (108-րդ տեղ):

Մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակով երկրներն են Նորվեգիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան և Գերմանիան: 2018-ին մարդկային զարգացման շատ բարձր մակարդակով երկրների թվում 59 երկիր է ընդգրկվել, այդ թվում ԱՄՆ-ն, որը 13-րդն է: ՌԴ-ն՝ 49-րդն է, Բելառուսը՝ 53-րդը և Ղազախստանը՝ 58-րդը:

2012-17թթ. վարկանիշի ամենամեծ բարելավումը տեղի է ունեցել Իռլանդիայում, որն առաջ է անցել 13 կետով, արագ են զարգացել նաև Թուրքիան, Դոմինիկյան Հանրապետությունն ու Բոտսվանան:

Մոլդովան և Տաջիկստանը միջին զարգացման մակարդակով երկրների թվում են:

Նիգերը, ԿԱՀ-ը, Հարավային Սուդանը, Չադն ու Բուրունդին վարկանիշի վերջին տեղերում են՝ 38 նվազ զարգացած երկրների ցանկում: Զեկույցի հեղինակները մատնանշում են հակամարտող երկրներում բարեկեցության կտրուկ անկումը՝ Սիրիան նահանջել է 27 հորիզոնականով և այժմ 155-րդ տեղում է, Լիբիան, նահանջելով 25 հորիզոնականով, 108-րդն է, իսկ Եմենը, նահանջելով 20 հորիզոնականով, 178-րդ: