20 սեպտեմբերի 2018 - 11:10 AMT
ԱԺ արտահերթ ընտրություն և կոռուպցիայի դեմ շարունակական պայքար. Ինչ են սպասում ամերիկացի ներդրողները ՀՀ-ից

ԱՄՆ-ի կառավարության Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության և իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Բոհիգյանի խոսքով, մասնավոր ներդրողները Հայաստանի նոր իշխանություններից երկու կարևոր քայլ են ակնկալում՝ կոռուպցիայի դեմ պայքարի շարունակություն և դրա համար համապատասխան օրենսդրության ընդունում, հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարություն, որը կներկայացնի տնտեսական երկարաժամկետ ծրագիր:

«Ես տեսնում եմ Հայաստանի ներկա կառավարության այդ էներգիան՝ բարեփոխումների անցկացման, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման պատրաստակամությունը», - ասել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ այդ բարեփոխումներից հետո մարդկային փայլուն ներուժ ունեցող Հայաստանը կարող է դառնալ արտերկրյա ներդրումների համար առավել գրավիչ երկրներից մեկը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ամենաուշը մինրև 2019 թվականի ամառ: