Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիները փորձել են անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել կառավարության շենք, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: Սկսվել է հրմշտոց և քաշքշուկ, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները, որոնց տները ավերվել են ու վթարային են դարձել պատերազմի հետևանքով: Արծվաշենցիներն այժմ կառավարությունից պահանջում են գումար հատկացնել՝ Ճամբարակի իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար:
Ցուցարարները խփում էին դռներին և լուսամուտներին: Նրանց հետ հանդիպման է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո կրքերը հանդարտվել են:
Հավաքվածների և Փաշինյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կհանդիպեն հոկտեմբերի 2-ին։ «Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ հետ»,-ասել է վարչապետը, հայտնում է Panorama.am-ը։
Պատերազմական գործողությունների ժամանակ՝ 1992 թվականին, արծվաշենցիները լքել են Արծվաշենը և տեղափոխվել Ճամբարակ: Արծվաշենը մնացել է սահմանից այն կողմ: