23 սեպտեմբերի 2018 - 15:02 AMT
Քաղաքացիները չափից դուրս զգոն են. Հարսանիքը շփոթել են ընտրակեղծիքի հետ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանին քաղաքացիներն ահազանգել են երևանյան շենքերից մեկի բակում կուտակումների մասին: Աբգարյանը մեկնել է դեպքի վայր, տեսախցիկը միացրած մոտեցել շքամուտքի մոտ խմբված տղամարդկանց և պարզել, որ հավաքվածները հարսանեկան հանդիսության հյուրեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր հաշվում գրել է ինքը՝ ավագանու թեկնածուն:

«Ահազանգի հետքով հարսանիք էի գնացել, շքամուտքի մոտ բնակիչները կուտակված տղամարդիկ էին նկատել», - գրել է նա:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: