Տարբեր անձանց տրված 254 դիվանագիտական անձնագիր է չեղարկվել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին:
«Սակայն ես չեմ ցանկանում անուններ տալ»,-ասել է Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:
«Այս պահին չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, չեմ ցանկանում անուններ նշել, քանի որ դա նաև անձնական տվյալների գաղտնիություն է պարունակում: Նշենք, որ դիվանագիտական 100 անձնագիր արդեն վերադարձվել է, իսկ 254-ը չեղարկվել», - ասել է Տիգրան Բալայանը:
ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, սահմանադրական դատարանի նախագահին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, այլ պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև առանձին դեպքերում` այլ անձանց` ՀՀ նախագահի թույլտվությամբ: