26 սեպտեմբերի 2018 - 12:02 AMT
ԱԳՆ. Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կայացել օրակարգերի սղության պատճառով

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չի ունեցել ԱՄՆ ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա նշել է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման նպատակադրություն կար և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմից, հայտնում է Aysor.am-ը:

«Կար նպատակադրություն երկու կողմից էլ, սակայն հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով», - ասել է Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում: Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդես է եկել ելույթով: