26 սեպտեմբերի 2018 - 16:11 AMT
Կոստանյան. Չի բացառվում, որ գաղտնալսման գործով վարչապետը ևս հարցաքննվի

ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը քննելու համար ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հարցաքննության կհրավիրեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը ու նաև վարչապետը՝ Կոստանյանն ասել է. «Տրամաբանական է, որ առնվազն այդ ձեր նշված անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին», հայտնում է Aysor.am-ը։

«Մենք ընդունելի համարեցինք նաև այն հանգամանքը, որ քննարկման առարկա դարձնենք անգամ մինչ այս տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները, հասկանալու, թե որքանով է մեր պետական ապարտը, օրենսդրական բազան հիմնավոր և բավարար ապահովելու մարդու սահմանադրական իրավունքի իրացումը», - ասել է Կոստանյանը:

Ավելի վաղ, համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսված հեռախոսային ձայնագրությունը: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: