ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ին նիստում հաստատվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը թույլ է տալիս փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել ցանկացող ամուսինների ամուսնալուծվել առանց դատական համակարգի միջամտության:
Նախկինում, օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Ըստ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի՝ դատավորը պարտավորված էր մեկ ամսվա ընթացքում կազմակերպել ամուսնալուծությունը:
«Դատարանն այստեղ արդարադատություն չի իրականացնում ու միաժամանակ ծանրաբեռնվում է: Առաջարկում ենք, որպեսզի ամուսինները դատարանով ամուսնալուծվեն միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր, օրինակ` ՔԿԱԳ մարմիններ և նոտար»,- նշել է Հովհաննիսյանը:
Այսպիսով դատարանները կազատվեն տարեկան միջինը 400 գործից: