ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Նրա խոսքով, Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և չի երկարաձգվել:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի փոխանցմամբ, վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լևոն Սարգսյանի անունն արդեն չկա: Խորհրդի մի շարք այլ անդամների փոփոխություն նույնպես ձեռնարկվել է:
Ավելի վաղ, Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Առկա է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Նա, դուստրը՝ Անի Սարգսյանը, և որդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ: