2 հոկտեմբերի 2018 - 12:39 AMT
Սոֆիա ռոբոտը գալիս է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի ֆորումին

Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆիան մասնակցելու է հոկտեմբերի 9-10-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալիք Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Նա ասել է, որ Սոֆիան որպես խոսնակ կմասնակցի բիզնես ֆորումին:

Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը:

2018 թվականի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: