5 հոկտեմբերի 2018 - 14:15 AMT
Տանկերի արդիականացման միջոցների մի մասը ՀՀ-ում կարտադրվի

Հայաստանը կարտադրի տեխնիկական միջոցների մի մասը, որի օգնությամբ կատարվում է Տ-72 տանկերի արդիականացումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ սպառազինության հարցերով վարչության զրահատանկային ծառայության շահագործման և ծրագրման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը:

Ըստ նրա, դեռևս 2 տարի առաջ զինված ուժերում մտածում էին, թե տանկերի արդիականացման որ տարբերակն ընտրեն: Ընտրությունն արդեն արվել է: «Բանակցային այնպիսի փուլում ենք, որ կոնկրետացումը որոշակի գաղտնիության հետ է կապված: Աշխատանքներն արդեն տարվում են: Խոսքը ոչ միայն Բ3 մոդիֆիկացիայի մասին է»,- ասել է Գաբրիելյանը:

Ըստ նրա, տեխնիկայի զարգացման պայմաններում, սխալ է շեշտը դնել արդիականացման մեկ ուղղության վրա: Ըստ Գաբրիելյանի, վերջին 2 տարիներին բանակը փորձում է լուծել իր հարցերը ոչ միայն այլ երկրների հետ համագործակցության, այլ նաև սեփական գիտատեխնիկական ներուժի հաշվին:

«Բ3-ում տեխնիկական սարքերի մի մասը կլինի հայկական արտադրության: Բացի Տ-72Բ3 մոդիֆիկացիայից, կան նաև Տ-72Ա տանկեր, որոնք ավելի վաղ շրջանում են արտադրվել: Մենք մտածում ենք նաև այդ տանկերի արդիականացման ուղղությամբ»,- ասել է Գաբրիելյանը:

Նա նշել է, որ աշխատանքները տարվում են հետևյալ ուղղություններով՝ կատարելագործել կրակի կառավարման միջոցները, ներնել պաշտպանության միջոցներ, տարբեր եղանակային պայմաններում և օրվա տարբեր ժամերին հնարավորությունների ավելացման ուղղությամբ: