6 հոկտեմբերի 2018 - 10:38 AMT
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ԼՂ հարցի կարգավորումն առաջնահերթություն է համարում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ըրլ Դ. Լիցենբերգերը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը առաջնահերթություն են իր համար:

Ըրլ Դ. Լիցենբերգերը արել է այդ հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում՝ պատասխանելով օրենսդիրների հարցերին է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լիցենբերգերը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը:

«Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի բարգավաճման և անվտանգության համար, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ սենատում հայտարարել է դիվանագետն՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ ներառյալ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է, որ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ:Նա նշել է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: