6 հոկտեմբերի 2018 - 14:27 AMT
ՀՀ-ն փորձում է մեղմել ԱՄՆ պատժամիջոցները Դերիպասկային պատկանող «Արմենալի» մասով

2018 թվականի ապրիլից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակից Օլեգ Դերիպասկան և նրա ընկերությունները՝ այդ թվում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալը», հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն էապես դժվարեցրել, երբեմն էլ՝ անհնար է դարձրել նրանց կողմից միջազգային առևտուրի իրականացումը։

Արդեն սեպտեմբերին միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ «Ռուսալի» կազմի մեջ մտնող՝ Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է արտադրությունը: Նշվում է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել կրճատումների, ընդհուպ մինչև պարապուրդի մատնել գործարանը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ընկերության խոսնակ Ալեքսանդր Մելքումյանը հայտարարեց, որ գործարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը, արտահանում է արտադրանքը:

Գործարանի արտադրանքը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: 2017 թվականին այն արտադրել է 33,700 տոննա ալյումինի փայլաթիթեղ, հիմնականում՝ ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Համաձայն ընկերության հաշվետվության մեջ ներկայացված տվյալների՝ նախորդ տարի ընկերության համախառն եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է 67,5%-ով՝ հասնելով մինչև 6.031 մլրդ դրամի կամ մոտ $12.5 մլն–ի:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ կառավարությունը ձեռնարկում է քայլեր ընկերության արտահանման աշխարհագրությունը բազմազանեցնելու և ԱՄՆ արտահանվող ապրանքն այլ երկրներում իրացնելու ուղղությամբ: Բացի այդ, Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ ընթանում են քննարկումներ՝ հայկական արտադրանքի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի չկիրառման վերաբերյալ։

«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարությունը ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական կառույցների միջոցով պարբերաբար քննարկում է «Արմենալ» ընկերութան նկատմամբ պատժամիջոցների մեղմման և վերջինիս համար որոշակի բացառություններ կիրառելու հարցը», -հայտնել է Սիսեռյանը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման բացառություն անելու նախադեպեր արդեն գրանցվել են: Մասնավորապես, ԱՄՆ-ի Իրանի դեմ պատժամիջոցները չեն տարածվում ՌԴ-ն շրջանցող «Հարավային գազային միջանցքի» սնուցման համար նախատեսված ադրբեջանական «Շահ Դենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրի վրա, որի 10% բաժնետերն իրանական NICO (Naftiran Intertrade Co) ընկերությունն է:

«Արմենալը» դեռ ԽՍՀՄ տարիներին հիմնադրված Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա ստեղծված, ի սկզբանե՝ ՀՀ կառավարության ու «Ռուսալ» խմբի համատեղ ձեռնարկություն է։ 2003-ին գործարանի բաժնետոմսերի 26%-ը վաճառվել է «Ռուսալին» $0,5 մլն-ով. մոտ $35 մլն ներդրումներ իրականացնելու պայմանով, 2006-ին գործարանը վերաբացվել է $70 մլն ներդրումներից հետո: 2017-ին գործարանում արտադրվել է 33,7 հազար տոննա փայլաթիթեղ՝ 2000 թվականի 768 տոննայի դիմաց։ Այն Կովկասում և Կենտորնական Ասիայում ալյումինի փայլաթիթեղ արտադրող միակ գործարանն է: Ընդհանուր առմամբ գործարանում աշխատում է 670 հոգի: