8 հոկտեմբերի 2018 - 12:00 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարար. Կա մեկ հեռանկար՝ ԼՂ խաղաղ կարգավորումը

Գոյություն ունի մեկ իրատեսական հեռանկար՝ բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Այդ մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պետական քարտուղար, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Ադրբեջանցի և հայ ժողովրդների անվտանգության, կայունության ու զարգացման կենսական շահն է ընկած բանակցային գործընթացի հիմքում և դա բանակցությունների քաղաքական շարժիչը, որին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է:

Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը Ռուսաստանը սերտորեն գործակցում է եռյակի մյուս անդամների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ հետ: Համանախագահների ընդհանուր գծի և այն որոշումների շրջանակում, որոնք ընդունվել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մենք ևս ձգտում ենք անել այն ամենն, ինչ հնարավոր է՝ աջակցելու համար հակամարտության կողմերին խաղաղ պայմանավորվածություններ մշակելու գործում»,-հայտարարել է Կարասինը:

Ըստ նրա, ՌԴ այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում: Այն գրանցված է ՌԴ Արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած հանդիպումներում, նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե իրոք կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացում առաջխաղացման մասին, հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: