11 հոկտեմբերի 2018 - 14:15 AMT
Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա» սուբհոլդինգը

Մեդիամագնատ, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա.զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը, ուր մտնում են ՏՆՏ, «Պյատնիցա», «Մատչ ՏՎ» և այլ հեռուստաալիքները:

Համապատասխան որոշումն ընդունել է «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» ԲԸ Տնօրենների խորհուրդը: Այժմ գործադիր մարմնի միանձնյա ղեկավար մարմնի գործառույթները կփոխանցվեն «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» կառավարող ընկերությանը, որը գլխավորում է հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն:

Արթուր Ջանիբեկյանը կլինի Չերնիշենկոյի առաջին տեղակալը: Նրա պատասխանատվության գոտում կլինի ռազմավարության իրականացումը, նոր պրոդուկտների որոնումը, այդ թվում թվային ոլորտում, բովանդակության ստեղծումը բոլոր մեդիամիջոցներում, գործակցությունը «Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգի պրոդյուսերների հետ:

«Գազպրոմ-Մեդիա Զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը կշարունակի կառավարել զվարճային հեռուստաալիքները, ինչպես նաև մեդիահոլդինգի սպորտային և տեխնոլոգիական ստորաբաժանումները:

2017-ին «Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր-2017» XVII ազգային մրցանակաբաշխության դափնեկիրը:

Պարգևը հանձնվել է Ջանիբեկյանին «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ինչպես նաև զվարճային և հումորային բովանդակության ստեղծման ոլորտում մեծ նվաճումների համար»