15 հոկտեմբերի 2018 - 16:54 AMT
Արտո Թունջբոյաջյանը պատրաստ է դառնալ «Հայաստան» հիմնադրամի դեսպանը սփյուռքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամում հոկտեմբերի 15-ին հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանին: Հայտնի երաժիշտն իրեն համարում է համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը:

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա նաև վստահեցրել է,որ հիմնադրամն աշխատելու է առավել բաց ու արդյունավետ՝բարձրացնելով հանրության վստահությունը:

Թունջբոյաջյանն առաջարկել է ներգրավել նաև սփյուռքի պատանիներին և երիտասարդներին ու hիմնադրամը դարձնել նորարար գաղափարների գեներատոր և ընդլայնել ծրագրերը էկո տուրիզմի, բժշկության և մշակույթի ոլորտներում: Նա կարևորել է նաև Ստեղծարար կենտրոնների ստեղծումը: Զրույցի ժամանակ ընդգծվել է, որ Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնելու նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափներին:

Իր 26 տարվա գործունեության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է ավելի քան 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում և Արցախում, 1100-ից ավելի խոշոր ծրագիր հայկական երկու հանրապետություններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: