Իրանական Զանջան քաղաքում հոկտեմբերի 13-ին նախատեսված «Ղարաբաղն իսլամական տարածք է» խորագրով հակահայկական համաժողովը չեղարկվել է ՀՀ արտգործնախարարության և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համատեղ ջանքերով, հայտնում է «Ա1+»-ը:
Հայկական կողմը իր մտահոգությունները փոխանցել է իրանական կողմին, որից հետո հայտնի է դարձել, որ միջոցառումը չեղարկվել է: Համաժողովին մասնակցելու էին մի շարք երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի, Վրաստանի և Լիբանանի ծայրահեղ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի իրանական կողմի կազմակերպիչները ներկայացնում էին պետական և կրոնական շրջանակներ:
Նպատակը աշխարհի մահմեդական ադրբեջանցիներին համախմբելն էր Ղարաբաղի ազատագրման գաղափարի շուրջ, ճանաչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իսլամական երկրների մասնակցությունը և տեսակետներ արտահայտելու իրավունքը:
Հայտարարվել էր, որ համաժողովին մասնակցելու էին «Ղարաբաղի իսլամական ինքնապաշտպանական շարժումը», Ադրբեջանի «Լեռնային Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», «Նահատակ Մոնթազերիի» միջազգային խումբը, «Քորդեստանի» («Թարիղաթ») գիտական աշխատողների ասոցիացիան, Զանջանի համալսարանի Իսլամական ուսանողների ասոցիացիան և այլն: