16 հոկտեմբերի 2018 - 12:15 AMT
ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում չի անցկացվի

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը պետք է կայանար Երևանում հոկտեմբերի վերջում, կանցկացվի Մոսկվայում՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

«Մենք որոշել ենք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը տեղափոխել Մոսկվա: Այդ մասին Պետդումայի խորհրդում հայտարարել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Դա որոշվել է անել այն պատճառով, որ հոկտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովը լուծարվելու է...Հավանաբար, խորհրդարանն այնտեղ միևնույն է կկատարի իր պարտականությունները մինչ նոր ընտրությունները: Սակայն, եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, ինչպես հիմա, ապա ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատա՞ր պատգամավորների: Դա անտրամաբանական է, ճիշտ չէ»,-ասել է Կալաշնիկովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասը կողմ արտահայտվեց դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Դրա համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ խորհրդարանը 2 անգամ չպետք է նոր վարչապետ նշանակի: