18 հոկտեմբերի 2018 - 12:56 AMT
Մնացականյան. ՀՀ-ն ամեն ինչ արել է, որ Խաչատուրովին առնչվող հարցը չազդի ՀԱՊԿ-ի վրա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հարցով քննարկումները շարունակվում են: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա: ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի համար», - հայտարարել է Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։