22 հոկտեմբերի 2018 - 11:36 AMT
Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդակցությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը:

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:

Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահը Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլևսկու հրավերով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու հայ-ռուսական ավանդական հարաբերություններին, երկու ժողովուրդների մշակութային առնչություններին և պատմական այլ թեմաների նվիրված համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով, հայտնում է ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը պետք է կայանար Երևանում հոկտեմբերի վերջում, կանցկացվի Մոսկվայում՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: