22 հոկտեմբերի 2018 - 15:27 AMT
ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նոր Ընտրական օրենսգրքին

ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

«Միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ քննարկմանն արդեն ասել ենք, որ քանի որ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող սրան դեմ լինել»,- ասել է Ռուստամյանը:

Ըստ խմբակցության ղեկավարի, օրենսգրքում դրական տեղաշարժեր կան և պատճառ չունեն դեմ քվեարկելու:

«Միևնույն ժամանակ այս ընտրական օրենսգրքով հապշտապ ընտրությունների գնալը սխալ են համարում: Օրենսգրքի ընդունման համար 24-ժամյա ռեժիմի ընդունումը ևս սխալ է համարում», - ասել է նա՝ հավելելով, որ օրենսգրքում իրենց երեք առաջարկը չի ընդունել ժամանակի սղության պատճառաբանությամբ:

Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը» հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին: