24 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT
Փաշինյան. Պուտինը Գյումրիում տեսնելով մարդկանց վատ հագուկապը, հրահանգել է տրամաբանական գնով գազ վաճառել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձել է գազի սակագնի վերանայման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու՝ իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պայմանվորվածությանը:

Նա նշել է, որ քննարկման ժամանակ Պուտինն իրեն ասել է, որ 2014 թվականին Գյումրի իր այցի ընթացքում, տեսնելով մարդկանց սոցիալական վատ վիճակը, անձամբ է հրահանգել է խելամիտ գնով բնական գազ վաճառել ՀՀ-ին:

Ըստ Փաշինյանի, երբ հայտնել է Պուտինին, որ ՌԴ-ից մատակարարվող գազն այլ գնով է մտնում երկիր, բայց բոլորովին այլ սակագնով է հասնում սպառողին, վերջինս զարմացել է:

«Նա այդ ժամանակ հիշեց Գյումրի իր այցը: Ինձ ասաց, որ այդ ժամանակ մարդկանց հագուկապից զգացել է, որ վատ սոցիալական պայմաններում են ապրում, այդ ժամանակ անձամբ հրահանգել է, որ գինը սպառողների համար տրամաբանական լինի», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են հասկանալ, թե ինչ է կատարվում և գալ եզրահանգումների:

Ավելի վաղ ստեղծվել է ռուսական գազի գնի վերանայման շուրջ աշխատանքային խումբ: