25 հոկտեմբերի 2018 - 12:20 AMT
Բոլթոն․ ԱՄՆ-ն դեռ որոշում չունի Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի վերացման հարցում (թարմացված)

ԱՄՆ-ն դեռևս վերջնական որոշում չունի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսում 1992-ին և արգելում է կառավարական մակարդակով ԱՄՆ կողմից օժանդակությունը Բաքվին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը տասնամյակներ շարունակ պայքարում է 907-րդ ուղղումը չեղարկելու համար:

«Այս պահին դեռևս որոշում կայացված չէ և չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը զենքի վաճառքը (Ադրբեջանին և Հայաստանին՝ խմբ.) ավելացնելու վերաբերյալ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից։ «Այս հանգամանքն, անշուշտ, չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի դա մեծ ազդեցության լծակ է տալիս Ռուսաստանին՝ կողմերի նկատմամբ և խաղաղության չի բերում», - նշել է Բոլթոնը: «Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ։ Մեր զենքն ու զինամթերքն այս պարագայում ավելի լավն է, քան ռուսականը։ Կարծում եմ, սա մենք պետք է քննության առնենք, դիտարկենք մեր օրենքների շրջանակում», - ասել է նա:

Ավելի վաղ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները` չեղարկելու համար Ադրբեջանին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ արգելքը: Խոսքն Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման մասին է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այդ դրույթը հաստատվել է Կոնգրեսի կողմից: Գործադիր իշխանությունը պարտավոր չէ նույն քաղաքական գիծը վարել և, ըստ ԱՄՆ սահմանադրության, իրականում հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականությունը: Շատ դեպքերում տարբեր նախագահներ կասեցրել են այս կամ այն դրույթի գործողությունը: Մենք մշտաpես դիտարկում ենք այդ հնարավորությունը՝ որոշելու համար անհրաժեշտ է դա թե ոչ»,-ասել է նա:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը, գրել է, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են «խիստ դրական մթնոլորտում»: