25 հոկտեմբերի 2018 - 16:14 AMT
Ավելի քան 1.1 մլրդ դրամ հավելյալ՝ պետպատվերով վիրահատություններին

Առողջապահության նախարարությունը հավելյալ միջոցներ՝ ավելի քան 1.111 մլրդ դրամ, կուղղի բնակչության համար առավել կարևոր ու անհրաժեշտ ուղղությունների. սրտի վիրահատությունների համար կհատկացվի ևս 416.3 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայություններին` 200 մլն դրամ, երեխաների բժշկական օգնությանը` 574.8 մլն դրամ, շտապօգնությանը` 120 մլն դրամ, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներծրագրային վերաբաշխումների ընթացքում առաջնահերթություն է համարվել մարզային կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների ծավալների փոխհատուցումը:

Պետպատվերով հատկացված միջոցների սղության պատճառով մարզերից մայրաքաղաք հիվանդների հոսքը կրճատելու և քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ու ծախսերից զերծ պահելու նպատակով բյուջեի միջոցների վերաբաշխում կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվում մարզերային կազմակերպություններին ֆինանսների հատկացմանը, դրանց առավել արդյունավետ ու թիրախային ծախսմանը:

Առաջին անգամ վերաբաշխումների ընթացքում կիրառվել է նաև տարածաշրջանային համահարթեցման մոտեցումը` հաշվի առնելով նաև տվյալ բնակավայրի շահառուների քանակը, ինչը հնարավորություն է տալիս մարզերում գործող կազմակերպություններում իրականացնել նաև հերթագրված հիվանդների սպասարկում:

Մարզային կազմակերպությունների 2018 թվական պայմանագրային գումարներին ավելացվել է 804.8 մլն դրամ:

Վերաբաշխումների արդյունքում բոլոր կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքների գծով առկա պայմանագրային գումարների գերակատարումները հիմնականում հատուցվել են: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ պետպատվերով հատկացված գումարները սպառվել են, սակայն տվյալ բուժհաստատությունը փաստացի մատուցել է պետպատվերով ծառայություն:

2018-ին պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 81.2 մլրդ ծախսային միջոց: 2017-ին սպասվող բյուջետային ավելացումներն ուղղվելու են գերակա նպատակների` բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայություններին նոր որակ, մակարդակ հաղորդելու և առաջնահերթ խնդիրներին նոր լուծումներ տալու հստակ նպատակադրմամբ: