30 հոկտեմբերի 2018 - 18:26 AMT
Զարիֆ. Միշտ շեշտել ենք ԼՂ խնդրի՝ միջազգային օրենքով և խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ստամբուլում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված Իրանը կիսում է միևնույն մոտեցումը, ինչ Թուրքիան և Ադրբեջանը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Կողմերի հետ (Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների-խմբ.) ամեն հանդիպման ժամանակ շեշտում ենք խնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա և խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը», - ասել է Զարիֆը:

Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ադրբեջանը» գրել է, որ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլում հռչակագիր են ընդունել՝ նշելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

Հռչակագրի տեքստը տեղադրված չէ Իրանի և Թուրքիայի ԱԳՆ-երի պաշտոնական կայքերում, իրանական և թուրքական աղբյուրներում դրան անդրադարձ նույնպես չկա: