Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ հավանություն են տվել ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյայի հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Նախաձեռնության հեղինակն է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Աշխատանքների ֆինանսավորումն իր վրա է վերցնում Հայաստանը, գումարը կկազմի 15 մլն ռուբլի»,-ասել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայում Հալաբյանի հուշարձանի կանգնեցման շուրջ վեճեր են ծագել: Դեմ արտահայտվողներին չէր գոհացնում հայտնի ճարտարապետի կերպարը՝ ասվում էր, թե իբր նա 30-40-ականներին նպաստել է, որ իր տաղանդավոր գործընկերները չունենան ստեղծագործելու հնարավորություն: Մոսկվայի թանգարանի ավագ գիտաշխատող Ալեքսանդրա Սելիվանովան ստորագրահավաք է սկսել հուշարձանի տեղադրման դեմ: Սակայն շատերը գերադասում են գնահատել Հալաբյանին որպես պրոֆեսիոնալի:
1932 թվականից Կարո Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), «Կրասնոպրեսնենսկայա» մոսկովյան մետրոյի կայարանի նախասրահը, Հայկական ԽՍՀ տաղավարը Գյուղատնտեսության համամիութենական ցուցահանդեսում: Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։
Հալաբյանի ավանդը ճանաչել են ոչ միայն ԽՍՀՄ-ում, 1936-ին նա դարձել է Բրիտանիայի ճարտարապետների թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից-անդամը, 1939-ին ՝ Նյու Յորքի պատվավոր քաղաքացի՝ միջազգային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համար: