1 նոյեմբերի 2018 - 16:10 AMT
ՀՀ նախագահը գլոբալ անվտանգության խնդիրներից է խոսել Օբամայի նախկին խորհրդականի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ:

ՀՀ նախագահը Մինսկում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը մասնակցում են տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: Օրակարգային հարցերը վերաբերելու են Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին: