2 նոյեմբերի 2018 - 14:41 AMT
Պոպով. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել դեկտեմբերին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ Երևանն ու Բաքուն սկզբունքորեն ցանկություն ունեն շարունակելու Ղարաբաղի շուրջ երկխոսությունը բարձր մակարդակում:

«Հուսով ենք, որ դեկտեմբերին տեղի կունենա երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել, հաշվի առնելով զարգացումները, հաշվի առնելով, թե ինչպես կկառուցվեն երկու երկրների ղեկավարների հարաբերությունները: Սկզբունքային առումով, մենք հասկացել ենք, որ կա երկխոսութունը բարձր մակարդակում շարունակելու ցանկություն»,-ասել է Պոպովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ քանի դեռ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի կայունացել, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել հազիվ թե ստացվի: