2 նոյեմբերի 2018 - 18:23 AMT
Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի: Lurer․com-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա «հերյուրանք և սուտ» է որակել Համբարձումյանի հայտարարությունը, համաձայն որի Քոչարյանի կառավարման տարիներին կաշառք է տվել և Քոչարյանին, և այդ ժամանակ դեռևս վարչապետ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպեսզի վերջիններս չխանգարեն իրեն հանքարդյունաբերության ոլորտում արաբների հետ գործարք կնքելուն:

«Դա կեղտոտ սուտ է, քանի որ նման բան տեղի չի ունեցել: Մենք դատական գործընթաց ենք սկսելու Համբարձումյանի դեմ և պահանջելու ենք, որպեսզի հայտարարությունը հերքվի և ներողություն խնդրվի պարոն Քոչարյանից այդ հերյուրանքի համար»,- նշել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ փաստաբաններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ:

Ավելի վաղ Քոչարյանի ընտանիքը դատի է տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, քաղաքագետ Արա Պապյանին: