6 նոյեմբերի 2018 - 12:54 AMT
Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

Քաղաքական, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայության համաձայն, Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել համաներմամբ, հայտնում է Aysor.am-ը:

Շանթ Հարությունյանը կալանավորվել էր 2013-ին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո և 6 տարվա ազատազրկման դատապարտվել:

Ավելի վաղ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Շանթ Հարությունյանի համար ընդունելի տարբերակ է համաներմամբ դուրս գալը բանտից, պատասխանել էր, որ իր հայրը «չէր ցանկանա որևէ թուղթ ստորագրել, որով կընդուներ իր մեղքը»:

Նեյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։