8 նոյեմբերի 2018 - 16:57 AMT
Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. Օրակարգում նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է

Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գագաթնաժողովին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտը» գրել էր, որ հնարավոր է՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվի գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Բելառուսին, այդ դեպքում նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Մինչդեռ հայկական կողմը հակված է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը՝ առաջարկելով սեփական թեկնածուին:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։