9 նոյեմբերի 2018 - 14:03 AMT
Մելբուրնում մեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ. Վարորդը դանակով հարձակվել է մարդկանց վրա

Ավստրալական Մելբուրնում ավտոմեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ, վարորդը հրկիզել է մեքենան ու դանակով հարձակվել մարդկանց վրա: Այդ մասին Twitter-ի աքաունթում հայտնում է ABC Melbourne ռադիոկայանը:

Հարձակվողին հաջողվել է 3 մարդու վիրավորել, որոնցից մեկը տեղում մահացել է, մյուս 2-ը՝ հոսպիտալացվել: Փորձելով հարձակվել ոստիկանների վրա՝ ոճրագործը հրազենային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել է, այժմ նա կրիտիկական վիճակում է: Հանցանքի վայր ժամանած հրշեջ ծառայությունը մարել է հրդեհը, գրում է Lenta.ru-ն:

Ոստիկանները դեռևս տեղեկություն չունեն ահաբեկիչների հետ կասկածյալի հնարավոր կապի մասին, սակայն, հետաքննությունը շարունակվում է:

2017-ի դեկտեմբերին Մելբուրնում նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ: Այն ժամանակ հետիոտնային անցումում վրաերթի հետևանքով 14 մարդ էր տուժել: Մինչ այդ, հունվարին նմանատիպ գրոհի հետևանքով 6 մարդ էր զոհվել, այդ թվում մանկահասակ երեխա, 30 մարդ վիրավորվել էր: Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն չէր համարել: