19 նոյեմբերի 2018 - 12:21 AMT
Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին «մուտքի արտոնագիր տրամադրելու համար»

Ադրբեջանում ծանր են տանում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի արտերկրյա ուղևորությունները: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ «դատապարտելով» Սահակյանի այցն ԱՄՆ:

Ըստ ԱԳՆ հայտարարության, Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ, գրում է Ինտերֆաքսը:

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության, Բակո Սահակյանի այցն ԱՄՆ «վնասում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և հակասում է ԱՄՆ ստանձնած պարտավորություններին ԵԱՀԿ ՄԽ-ում»:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև նշել է, որ ղարաբաղցիների «խրախուսմանն ուղղված նման քայլերը հարցեր են առաջացնում, կապված Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի հարաբերությունների անկեղծության առումով»:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ: