19 նոյեմբերի 2018 - 17:47 AMT
Բելառուսը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին

Մինսկն ու Բաքուն նոր պայմանագիր կկնքեն բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:

Երկու նախագահների բանակցությունների ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի ռազմարդյունաբերության կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինությունների առաքման և հակաօդային պաշտպանության ոլորտում փոխշավահետ փոխգործակցության զարգացման մասին, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

«Ամենասեղմ ժամկետում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռք բերման համար»,-ասել է Ալիևը: Ըստ նրա, Ադրբեջանը գոհ է Բելառուսի հետ գործակցությունից այդ ոլորտում, քանի որ նրա արտադրանքը շատ որակյալ է ու արդյունավետ:

Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հունիսին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել էին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին:«Մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա: