21 նոյեմբերի 2018 - 15:16 AMT
Փայլանը դժգոհել է. Թուրքերը խուսափում են ասել, որ Դոլմաբահչեի ճարտարապետը հայ է

Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, յուրացված մշակույթը այլ կերպ է ներկայացվում: Այդ մասին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է խորհրդարանում մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ։

Նա հավելել է, որ Թուրքիայում խուսափում ասել, որ Դոլմաբահչեի ճարտարապետը հայ է: Հայ պատգամավորն այս կապակցությամբ ասել է. «Ինչու՞ չենք ասում, որ Դոլմաբահչե պալատը մերն է, Աղթամարը մերն է... Երբ ուսումնարանում էինք սովորում, մեզ Դոլմաբահչե տարան, գիդը ասաց, որ «պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ Բալիանին»: Ես էլ հավատացի, վերադարձա ուսումնարան և իմացա, որ Դոլմաբահչեն կառուցել է հայ ճարտարապետ Կարապետ Պալյանը»,-հայտնում է Ermenihaber-ը:

«Պատկերացնու՞մ եք այսպիսի մի ըմբռնում կա, որ իտալացի ճարտարապետը նախընտրելի է հայ ճարտարապետից: Ստամբուլի բազմաթիվ վայրերում ճարտարապետ Պալյանների նշանավոր գերդաստանի ձեռագիրը կա: Սա ինչո՞ւ ենք ժխտում: Ինչո՞ւ չենք ասում, որ Սուլթանահմեթը, Դոլմաբահչե պալատը և Աղթամարը մերն է»,-հավելել է նա:

Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչե պալատի, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը:

Հայտնի հայ ճարտարապետների ընտանիքը կառուցել է նաև Չըրաղան պալատը, Քուլելի ռազմական վարժարանը և մեծ թվով սուլթանական մզկիթներ: