ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհներից 83 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնին: Զոհվածների դիերը հայտնաբերվել են հիմնականում նահանգի հյուսիսում՝ ամբողջությամբ այրված Փարադայս քաղաքում:
Ավելի քան 560 մարդու գտնվելու վայրը հայտնի չէ, հավելել է շերիֆը: Նա նշել է, որ նրանց թվում կարող են լինել մարդիկ, որոնք անվտանգ տեղում են, սակայն, չեն հայտնել այդ մասին իշխանություններին, գրում է Deutsche Welle-ն:
Նոյեմբերի 8-ից մոլեգնորղ հրդեհը զոհերի քանակությամբ ամենամեծն է Կալիֆորնիայի պատմության մեջ: Ավելի քան 13,000 տուն է փլուզվել, հարյուրավոր քառակուսի կիլոմետր անտառ է այրվել, ոչնչացվել է ազգային պարկերի և արգելոցների զգալի մասը, հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են:
Նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիան աղետի գոտի է հայտարարել: