Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել 10,000, 20,000 և 50,000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամները:
Սահմանվել է, որ 10,000, 20,000 և 50,000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման թղթադրամները ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների:
10,000 դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թթ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: 20,000 դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
50,000 դրամ անվանական արժեքով 2001 թ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
1000, 2000 և 5000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից:
100,000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվելու, իսկ 2009 թ. թողարկման հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
2017 թվականի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել էր շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։
Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: