23 նոյեմբերի 2018 - 14:23 AMT
Սարդ մարդու աշխարհի թեմաներով ևս 2 ֆիլմ կնկարահանվի

Sony Pictures ընկերությունը մտադիր է ևս 2 ֆիլմ թողարկել գերհերոս Սարդ մարդու աշխարհի մասին 2020 թվականին: Ֆիլմերի անվանումները չեն հրապարակվում: Առաջին ֆիլմը էկրան կբարձրանա 2020-ի հուլիսի 10-ին, իսկ երկրորդի պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 2-ին, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, նախագծերից մեկը ֆիլմ է հակառակորդ վամպիր Մորբիուսի մասին, որի դերը կկատարի Ջարեդ Լետոն, իսկ երկրորդը՝ Թոմ Հարդիի գլխավոր դերակատարմամբ «Վենոմ» հակահերոսական մարտաֆիլմի սիքվելն է:

Sony Pictures-ը դեռ չի թողարկել կինոժապավենի պաշտոնական ազդագիրը:

«Վենոմը» 2018-ին նկարահանված ամերիկյան ֆիլմ է, որի ռեժիսորն է Ռուբեն Ֆլեյշերը, իսկ գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Հարդին: Սքոթ Ռոզենբերգի, Ջեֆ Փինքների և Քելլի Մարսելի սցենարը հիմնված է Marvel Comics հրատարակչության կոմիքսների վրա՝ Էդդի Բրոքի մասին: Սա Sony-ի առաջին ֆիլմն է Marvel-ի աշխարհի շրջանակում: