26 նոյեմբերի 2018 - 18:26 AMT
Մի շշկռվիր, մտահոգվիր. Քարոզարշավ, օր 1-ին

Նոյեմբերի 26-ին մեկնարկեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը քարոզարշավի առաջին օրը սկսեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումներով, ասուլիսներով, խնդրահարույց հայտարարություններով, հեռակա քաղաքական բանավեճերով, մանդարիններ բաժանելով և քարոզարշավի ավանդական ու ոչ ավանդական այլ տեխնոլոգիաներով: PanARMENIAN.Net ն ամփոփել է քարոզարշավի առաջին օրը:

«Արցախյան ազատամարտից ավելի կարևոր Հեղափոխությունը»

«Իմ քայլը» դաշինքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավը սկսեց Շիրակի մարզից: Թալինում քարոզարշավի ընթացքում դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ «Հեղափոխությունն Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»:

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,-ասաց նա:

«Չշշկռվեք»

Փաշինյանն Արթիկում դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձավ «Սասնա ծռեր» կուսակցության այն հայտարարությանը, թե գալիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու:

«Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», - ասաց Փաշինյանը ու հավելեց՝ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։

«Դռնեդուռ ընկնող» Աշոտյանն ասել է՝ ինչու պետք է «ՀՀ քաղաքացին մտահոգվի»

Նախկին իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» քարոզարշավը սկսեց ասուլիսով: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառանալով «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին» կարգախոսին, ասել է, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին մտահոգ լինի և իր ձայնը տա նախկին իշխող ուժին:

«ՀՀ քաղաքացին մտահոգ պետք է լինի երկրի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելու վտանգով, ավանդական արժեքների այլասերմամբ: Մենք կարծում ենք՝ անորոշ ապագան այսօր յուրաքանչյուր բնակարանում բաբախող բաց նեռվ է», - ասաց Աշոտյանը:

Աշոտյանը բացատրեց նաև, թե ինչու են սև և սպիտակ գույներն ընտրել նախընտրական պաստառների ձևավորման համար: Ըստ նրա՝ ՀՀ-ին «7 ամիս է, ինչ պարտադրվել է սև և սպիտակ իրականություն»:

Ի դեպ, Աշոտյանը քարոզարշավի առաջին օրը դեռևս «դռնեդուռ չի ընկել»:

Աշոտյան-Փաշինյան հեռակա բանավեճը

Աշոտյանը, ասուլիսի ընթացքում անդրադառանալով «մտահոգ քաղաքացիների թվին», որն ըստ իրեն հասնում է հազարների, հայտարարեց, որ դեկտեմեբրի 9-ի երեկոյան Փաշինյանին մեծ անակնկալ է սպասվում: Ի պատասխան՝ Փաշինյանը Շիրակից ասաց, որ ՀՀԿ-ականների համար անակնկալ կլինի, երբ պարզվի, որ «նույնիսկ իրենց տնեցիները ձայն չեն տվել իրենց»:

Աշոտյանի պատասխանը չուշացավ: Նա պնդեց, որ Փաշինյանը դրանով փաստեց՝ ՀՀԿ-ն «միակ ընդդիմադիր ուժն է» և ողջունեց նրան՝ անվճար ՀՀԿ-ի PR-ով զբաղվելու համար:

Աշոտյանին «հորդուրում են շտաբ չբացել»

Աշոտյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ «մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց»:

«Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատեղամասում, մարդիկ, ում հետ խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբեր չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ: Չենք գալու, որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք ուզում մեր տուն մարդ այցելի ու հարցնի՝ ինչու ես գնացել Աշոտյանի շտաբ», - ասաց նա:

«Հայուհուն վայել կարգախոսը»

Հեղափոխությունից հետո ձևավորված «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության կարգախոսն է՝ «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»:

«Մանդարին կերեք»

Նոր ձևավորված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ընտարարշավի առաջին օրը սկսեց Հանրապետության հրապարակի հարակից այգում՝ մանդարիններ բաժանելով: Ըստ նրանց, միրգը թարմություն է խորհրդանշում:

Սելֆի՝ դասից փախած աշակերտների հետ, գորգ՝ պեմզաշենցիներին

Նիկոլ Փաշինյանը Լանջիկում սելֆի արեց դասից փախած աշակերտներ հետ՝ «վարչական ռեսուրսի ևս մեկ սաստիկ չարաշահում» թույլ տալով:

Պարզվում է, Պեմզաշեն համայնքի միակ խնդիրը մարզումների համար նախատեսված գորգն չունենալն էր:

«Գորգի խնդի՞ր է, միայն գո՞րգ»,- հետաքրքրվեց Փաշինյանը համայնքի բնակիչներից և, դրական պատասխան ստանալով, խոստացավ հարցը լուծել:

«Մենքը»՝ Տավուշում, ՀՅԴ-ն՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, «Լուսավոր Հայաստանը»՝ Նոր Նորքում

«Մենք» կուսակցությունների դաշինքը քարոզարշավը սկսեց Տավուշի մարզից: Երեկոյան «Հայ Յեղափոխական դաշնակցությունը» փուչիկներով, դրոշակներով Արամ Մանուկյանի արձանի մոտ անցկացրեց առաջին հավաքը: «Լուսավոր Հայաստանը» Նոր Նորքում էր, շրջեց բակից բակ:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: