ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի Մոսկվա կատարած այցին, հայտարարել է, որ այցը եղել է մասնավոր, իսկ Ադրբեջանի բողոքն անհիմն է: Զախարովան անդրադարձել է այցին ճեպազրույցում՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
Նա հավելել է, որ այցը չի հակասում ոչ ՌԴ օրենսդրությանը, ոչ միջազգային պայմանավորվածություններին, ոչ էլ Մոսկվայի միջնորդական առաքելությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
«Այս այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան մասնավոր: Այցի կարգավիճակն ակնհայտ է: Այն չի հակասում ոչ ՌԴ օրենսդրությանը, ոչ միջազգային պայմանավորվածություններին, ոչ էլ Մոսկվայի միջնորդական առաքելությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ուստի ադրբեջանական կողմի վերջին հայտարարության մեջ ՌԴ-ին ուղղված բողոքը, մեր տեսակետից, անհիմն է»,-ասել է Զախարովան:
Նոյեմբերի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել է հայ համայնքի հետ: Ադրբեջանը հայտարարել էր, թե Սահակյանի այցի թույլտվությունը խաթարում է բանակցային գործընթացն առաջ տանելու ջանքերը: