30 նոյեմբերի 2018 - 17:12 AMT
Հայաստանն ու Բուլղարիան կգործակցեն պաշտպանության ոլորտում

Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2019-ի երկկողմ համագործակցության ծրագիր: Այն ստորագրվել է հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցությունների ավարտին:

Խորհրդակցություններն անցել են նոյեմբերի 29-30-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ:

Ծրագիրը ներառում է 9 միջոցառում խաղաղապահության, ռազմական բժշկության, ռազմական ոստիկանության, անձնակազմի պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: