24 հունիսի 2008 - 15:01 AMT
ԵԽԽՎ նախագահը հուլիսին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
«Մեզ դեռեւս մտահոգում է իրավիճակը Հարավային Կովկասում»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման ընթացքում: Մասնավորապես նա նշել է հետընտրական վիճակը Հայաստանում եւ նախագահական ընտրությունների նախապատրաստումն Ադրբեջանում: ԵԽԽՎ ղեկավարը հաղորդել է, որ մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան ընթացիկ տարվա հուլիսին: «Ես մտադիր եմ այցելել նաեւ Վրաստան, որտեղ ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի պատճառով»,-հայտարարել է Լուիս Մարիա դը Պուչը:

Անդրադառնալով Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը, Լուիս Մարիա դը Պուչը հայտարարել է. «Միանգամայն բնական է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում մարդիկ տարբեր գաղափարներ ու հայացքներ ունեն: Կարեւորն այն է, որ վեճերը լուծվեն ժողովրդավարական միջոցներով, Եվրոպայի Խորհրդի արժեքներին համաձայն: Ես հուսով եմ, որ թուրքական հաստատությունները կկատարեն իրենց պարտավորություններն այդ ոլորտում: Սակայն մենք եւս պատասխանատու ենք այդ երկրին հստակ, ոչ երկիմաստ եվրոպական հեռանկար ցույց տալու առումով»: